ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՆՊԱՏԱԿ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆ Է ՄՂՈՒՄ ԲՈԼՈՐ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՆՊԱՏԱԿ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆ Է ՄՂՈՒՄ ԲՈԼՈՐ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
28.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Դուք այդ ընտրություններին ներկա էիք որպես դիտորդ, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:
-Հայաստանի ԱԺ պատվիրակությունը, որ դիտորդական առաքելությամբ էր մեկնել Լեռնային Ղարաբաղ, բազմակուսակցական էր և ներառում էր պատգամավորներ բոլոր խմբակցություններից: Ես ընդհանրապես առաջին անգամ էի որպես դիտորդ մասնակցում ընտրություններին և համարում եմ, որ բախտս բերեց, որովհետև թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյահոգեբանական առումներով հրաշալի ընտրություններ էին` ես տեսա, որ մարդկանց համար ընտրության օրը տոնական օր է:
-Դուք միայն Ստեփանակերտի՞ ընտրատեղամասերում եք եղել:
-Ասկերանի շրջանով, մեր ազատագրված տարածքներով եկել ենք Մարտունի, Հադրութ, հետո Ստեփանակերտ` 15-ից ավելի ընտրատեղամասերում ենք եղել` ամենահեռավոր գյուղից մինչև մայրաքաղաք: Ես զարմացած էի իսկապես այդ տոնական մթնոլորտից: Ակնհայտ էր, որ ամեն տեղ էլ պրոբլեմներ կան, մանավանդ գյուղերում, զգացվում էր, որ մարդիկ շատ մեծ դժվարություններ ունեն, բայց ո՛չ մի բողոք, ո՛չ մի տրտունջ: Չի կարող նման համերաշխ վերաբերմունքը հրահանգով կամ որոշումով լինել: Ես կարծում եմ, որ ժողովրդին համախմբում է ազատ ապրելու գերագույն նպատակը, ինչն ամենակարևորն է, որի առաջ մնացած բոլոր հարցերը դառնում են երկրորդ-երրորդական:
-Իսկ «մնացած հարցերը» մարդկանց կյա՞նքն են:
-Ես ուղղակի զարմանում եմ` ինչպես են մարդիկ այդքան համախումբ, այդքան միակամ, այդքան հստակ գիտեն` ինչ են ուզում այս կյանքում: Գուցե պատճառը միատարրությունն է, գուցե երկիրն է փոքր, բայց այդպես է:
-Հայաստանում չկա՞ այդ համախմբումը:
-Հայաստանում նման համախմբում լինում է շատ անհրաժեշտ պահերին: Կարծում եմ` մեզ պետք է գիտակցություն, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման մեր ապագան հնարավոր չէ կառուցել: Մենք էլ պիտի համախմբված լինենք նույնքան և ավելի:
-Ղարաբաղցիներն ինչպե՞ս են տեսնում իրենց հարցի լուծումը:
-Ինքնորոշման ճանապարհով: Մենք հանդիպեցինք նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, և ես համոզված կարող եմ ասել, որ Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդը նույն ուղղությամբ են գնում: Ինքնորոշումը Ղարաբաղի համար լուրջ գիտակցված քայլ է, կամք, ձգտում ու ցանկություն, և ես վստահ եմ, որ նրանց ցանկությունն իրականություն է դառնալու:
-Քանի՞ կուսակցություն էր մասնակցում ընտրություններին:
-«Ազատ հայրենիք», ՀՅԴ, Արցախի ժողովրդավարական և կոմունիստական կուսակցությունները: Ընտրությունների հանգիստ, հանդարտ, արժանապատվության բարձր զգացումով, տոնական մթնոլորտը վկայում էր հենց ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխանությունը, չկար լարում, պարտադրանք: Գիտեք` երբեմն հարցնում են` ինչո՞ւ Ղարաբաղում չկա ընդդիմություն: Ես կարծում եմ` այն պատճառով, որ մեծից փոքր բոլորն ունեն մեկ գերագույն նպատակ:
-Հերթական անգամ իբրև չճանաչված հանրապետության խորհրդարանական ընտրություն, միջազգային տարբեր կառույցներ հայտարարեցին, որ ընտրությունը չեն ընդունում, բայց իբրև դիտորդ ընտրություններին մասնակցում էին տասնյակ օտարերկրացիներ, ընդ որում ոչ հասարակական կազմակերպություններից, այլ պատգամավորներ...
-Այո, Ղարաբաղի ընտրատեղամասերում մենք հանդիպել ենք ռուսների, ամերիկացիների, սլովակների, տասնյակ երկրներից միջազգային դիտորդներ էին մասնակցում: Ես կարծում եմ` որքան էլ նրանց ներկայությունը համարվում է ոչ պաշտոնական, աշխարհի մի ծայրից մյուս ծայրը մարդը հենց այնպես չի հասնում: Հօգուտ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հնչող ձայներ են դառնալու այդ դիտորդները: Նրանք ամեն ինչ իրենց աչքով տեսան, գրանցեցին, համոզվեցին, որ Ղարաբաղը կայացած պետություն է, որ զարգացնում է նրա ժողովրդավարությունը:
-Ընտրախախտումներ չեղա՞ն ընտրություններում:
-Ոչ մի երկրում իդեալական ընտրություններ չեն լինում: Այս դեպքում միայն տեխնիկական թերություններ են եղել` ցուցակների հետ կապված, մոտ 520 ընտրողի անուն չի եղել ցուցակներում, ամեն ինչ արվել է` նրանց ընտրական իրավունքը հնարավորինս արագ վերականգնելու համար: Բոլոր ընտրատարածքներում միշտ դիտորդներ են եղել, և նրանց արձագանքները շատ դրական էին` ընտրությունները համընդհանուր գնահատականով համապատասխանում էին միջազգային չափանիշներին:
-ԼՂՀ նորընտիր խորհրդարանի առաջնահերթ խնդիրները որո՞նք են լինելու` Ձեր կարծիքով:
-Նախորդ խորհրդարանի հետ մենք սերտ կապեր ունեինք, պարբերաբար աշխատանքային այցերով ՀՀ ԱԺ հանձնաժողովների անդամները լինում են Ղարաբաղում: Այնտեղ շատ ուշադիր են մեր խորհրդարանի նկատմամբ, լավ ուսումնասիրում են մեր օրենսդրական փորձը, աշխատում են խուսափել մեր սխալներից: Ի դեպ` Ղարաբաղում շատ օրինապաշտ են ու կարգապահ:
-Արդյոք ՀՀ օրենքները նույնությամբ կարո՞ղ են կիրառվել Ղարաբաղում, բոլոր դեպքերում տեղական առանձնահատկությունները տեղական օրենքներ են պահանջում:
-Իհարկե, ոչ մի օրենք էլ չի կրկնօրինակվում, պարզապես լավ ուսումնասիրվում է Հայաստանի փորձը, իմանալով տեղական պայմանները և այդ փորձը` առավել ճշգրիտ ու գործուն լուծումներ են որոնվում: Եթե աշխարհի հայերն ուզում են տեսնել ազատ, անկախ, կայացած Ղարաբաղ, գոնե մի անգամ պիտի այդ հողը տեսնեն, զգան այդ հողի ձգողականությունը: Ամեն հայ հարստանում է Ղարաբաղ գնալիս, լիցքավորվում դրական հույզերով: Ես տասնյակ անգամ եղել եմ Ղարաբաղում, բայց ամեն անգամ մի նոր բան եմ գտնում: Գուցե աշխարհագրական տարածքից է, գուցե ժողովրդի վերաբերմունքից, բայց այդպես է: Ընդհանրապես չի կարելի Ղարաբաղի մասին գրել, խոսել, որոշումներ կայացնել առանց Ղարաբաղը տեսնելու: Եթե ազատագրված տարածքներում լինեք, ինքներդ էլ կհասկանաք, որ ոչ մի թիզ հող չի կարող օտարինը լինել: Պիտի ճանաչես քո երկիրը, իմանաս ոչ լսելով կամ կարդալով, այլ տեղում լինելով, տեսնելով, հասկանալով` ինչպես է ապրում ժողովուրդը, ինչով է շնչում, ինչ է ուզում: Մեզ համար Ղարաբաղը չի կարող պրոբլեմ լինել, պիտի լինի նպատակ, որ երկրորդ պլան է մղում բոլոր խժդժությունները, մեծ ու փոքր տարաձայնությունները: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ նույն հարցի վերաբերյալ, բայց նպատակը մեկը պիտի լինի:
-Ժողովուրդը ի՞նչ էր ասում, ի՞նչ ակնկալիքներ ուներ, ինչպե՞ս են վերաբերվում շրջանների հանձնման խոսակցություններին:
-Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, որ դա հնարավոր չէ: Ընտանիք կա, որ երեք զավակին էլ այդ հողում է կորցրել, ի՞նչ կարող է մտածել: Ես վստահ եմ, որ ժողովրդի ձայնը չի կարող չլսվել, իսկ ժողովրդի դիրքորոշումը հստակ է` պապական հողը չեն տա ուրիշին այլևս:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ